Երևանում կայացավ «Խորհրդարանական մշակույթը և էթիկան որպես պառլամենտարիզմի զարգացման և ամրապնդման գործոններ» գիտագործնական կոնֆերանսը
24 դեկտեմբեր 2024
2024թ. դեկտեմբերի 9-ին ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի կողմից կազմակերպվեց «Խորհրդարանական մշակույթը և էթիկան որպես պառլամենտարիզմի զարգացման և ամրապնդման գործոններ» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանս: Գիտաժողովը հավաքեց մասնակիցների լայն շրջանակ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչներ, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ, ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներ, Հայաստանի առաջատար բուհերի դասախոսներ և ուսանողներ:
Տեսակոնֆերանսին միացել էին նաև ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգից, ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի Բիշքեկի մասնաճյուղի ներկայացուցիչները, ինչպես նաև ներկայացուցիչներ և ուսանողներ Հայաստանյան և արտասահմանյան բուհերից:
Միջոցառումը բացեց ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի Երևանի մասնաճյուղի տնօրեն, ի.գ.դ. պրոֆեսոր Վահրամ Դավիթի Ավետիսյանը: Իր ելույթում նա նշեց, որ խորհրդարանական կառավարման ձև ունեցող պետությունում ժողովրդական ներկայացուցչական մարմինները բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնց շարքում կարևոր տեղ են զբաղեցնում խորհրդարանական էթիկային և մշակույթին վերաբերող հարցերը: Գիտաժողովի կազմակերպման հիմքում ընկած են պառլամենտարիզմի զարգացմանը, այդ գործընթացում երիտասարդության դերին, խորհրդարանական էթիկային և մշակույթին, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունում ԶԼՄ-ների դերին նվիրված հետազոտությունները: Գիտաժողովի թեման պայմանավորված էր «Խորհրդարանական մշակույթը և էթիկան Հայաստանի Հանրապետությունում» և «Պառլամենտարիզմի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» գիտական հետազոտություններով, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ գիտաժողովի ընթացքում:
Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ - ԱՊՀ ՄԽՎ անդամ պետությունների ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշկետ Իվան Իլյիչը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շիրակ Արտեմի Թորոսյանը, Արծվիկ Գարեգինի Մինասյանը, ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Սուրիկի Հովհաննիսյանը, ՀՀ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ, ի.գ.թ., դոցենտ Լիլիա Արեգի Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, ի.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ՍԴ դատավոր Արթուր Գրիշայի Վաղարշյանը, ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Արտակ Միքայելի Ասատրյանը, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Տարոն Սիմոնյանը, ՀՀ Փաստաբանական պալատի անդամ Նորայր Մարտիկի Բալայանը, Հայ-Ռուսական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Մարինա Վասիլիի Ալեքյանը և Հայ-Ռուսական համալսարանի ստեղծագործական արդյունաբերության ամբիոնի ավագ դասախոս, ք.գ.թ. Աշխեն Սամվելի Բեգլարյանը: Բանախոսներն իրենց ելույթներում ներկայացրեցին ընտրական գործընթացներին երիտասարդների մասնակցության, ՀՀ-ում խորհրդարանական էթիկայի և մշակույթի զարգացման, բնակչության շրջանում իրավական մշակույթի ձևավորման հիմնախնդիրների հետ կապված հարցեր:
Գիտաժողովին ակտիվ մասնակցություն ունեցան ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ, ինչպես նաև մասնաճյուղի գործընկեր բուհերի ներկայացուցիչներ:
ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ մասնաճյուղերի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ալեքսանդր Նիկոլաևիչ Քսենձովը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ մասնակցության և հետաքրքիր զեկույցների համար: Նա նաև նշեց, որ խորհրդարանական էթիկայի և մշակույթի հարցերը կարևոր են և արդիական, քանի որ խորհրդարանական էթիկայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կարգավորում է հարաբերությունները ինչպես խորհրդարանականների, այնպես էլ հասարակության և ընտրողների միջև, խորհրդարանի հեղինակությունը մեծապես կախված է պետական իշխանության կրողների վարքագծի էթիկական չափանիշների անձնական, այդ թվում բարոյական հատկանիշներից:
Միջոցառման ընթացքի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ կից ռեպորտաժում: