Միջազգային կլոր սեղան Բուրաբայում՝ ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկեցին ընտրական մշակույթի ձևավորման հարցերը

05 հոկտեմբեր 2025

 Միջազգային կլոր սեղան Բուրաբայում՝ ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկեցին ընտրական մշակույթի ձևավորման հարցերը

2025 թհոկտեմբերի 1-ին Ղազախստանի Հանրապետությունում՝ Ակմոլայի մարզի Բուրաբայ ավանում, կայացավ միջազգային կլոր սեղան՝ «Ընտրական գործընթացի մասնակիցների ընտրական մշակույթի ձևավորումը» թեմայով։ Միջոցառումն անցկացվել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նիստի շրջանակներում:

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցեցին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մասնակից պետությունների կենտրոնական ընտրական մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր Փորձագիտական խորհրդի անդամներ։

Նիստում «ԶԼՄ-ների դերը ընտրական գործընթացի մասնակիցների ընտրական մշակույթի ձևավորման գործում» թեմայով զեկույցով հանդես եկավ ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի երևանյան մասնաճյուղի փորձագետ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ, Լիլիա Արեգի Հակոբյանը։ Իր խոսքում նա ընդգծեց ընտրական մշակույթի զարգացման կարևորությունը՝ որպես ժողովրդավարական ընտրությունների հիմնական պայման։

Բացի այդ, Լիլիա Հակոբյանը կլոր սեղանի մասնակիցների և հյուրերի ուշադրությանն է ներկայացրել ընտրական գործընթացի տարբեր հարցերի շուրջ ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի երևանյան մասնաճյուղի փորձագետների կողմից իրականացված գիտական հետազոտությունները։

Կազմակերպիչները նշել են, որ նման միջոցառումները նպաստում են ԱՊՀ երկրների միջև փորձի փոխանակմանը և համագործակցության ամրապնդմանը ընտրական ընթացակարգերի կատարելագործման և ընտրողների իրավական մշակույթի բարձրացման ոլորտում: