ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղը մասնակցել է «Ընտրությունների և հանրաքվեի ինստիտուտի նկատմամբ վստահության ձևավորումը. միջազգային դիտարկման դերը» միջազգային գիտաժողովին

25 փետրվար 2026

ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղը մասնակցել է «Ընտրությունների և հանրաքվեի ինստիտուտի նկատմամբ վստահության ձևավորումը. միջազգային դիտարկման դերը» միջազգային գիտաժողովին

2026 թվականի փետրվարի 18-20-ը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում տեղի ունեցավ «Ընտրությունների և հանրաքվեի ինստիտուտի նկատմամբ վստահության ձևավորումը. միջազգային դիտարկման դերը» միջազգային գիտագործնական համաժողովը, որը նվիրված էր ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի գործունեության 20-ամյակին:

Միջոցառման կազմակերպիչն էր ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը՝ ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի և ԱՊՀ մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի մասնակցությամբ:

Համաժողովը համախմբել էր խորհրդարանականների, ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների, ընտրական իրավունքի ոլորտի փորձագետների, միջազգային դիտորդության մասնագետների, գիտական համայնքի և ԱՊՀ պետությունների համապատասխան հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների։

Քննարկումների կենտրոնում էին ընտրությունների և հանրաքվեների ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդման, միջազգային դիտորդության չափանիշների կատարելագործման և ընտրական գործընթացների գնահատման միասնական մոտեցումների մշակման հարցերը։

Հատուկ ուշադրություն է դարձվել ընտրական գործընթացների թվայնացման, կիբերանվտանգության և գլոբալ տեղեկատվական տարածքում ապատեղեկատվությանը հակազդելու հարցերին։

Խորհրդաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել ԱՊՀ ՄԽՎ Ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղը:

Մասնաճյուղի պատվիրակությունը ներկայացրել է ընտրական գործընթացների արդի միտումների փորձագիտական գնահատականները, ինչպես նաև մասնակցել է թվային տեխնոլոգիաների կիրառման իրավական կարգավորմանը և ընտրությունների դիտարկման ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը նվիրված թեմատիկ քննարկումներին:

Գիտաժողովին մասնակցության շրջանակներում ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղը ներկայացրեց հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակված հինգ գիտական աշխատություններ՝ «Երիտասարդների մասնակցությունն ընտրություններին․ երիտասարդ ընտրողների ընտրական ակտիվության բարձրացումը Հայաստանի Հանրապետությունում», «Պառլամենտարիզմի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում», «Խորհրդարանական մշակույթը և էթիկան որպես պառլամենտարիզմի զարգացման և ամրապնդման գործոններ», «Կուսակցությունը՝ որպես ժողովրդավարական հասարակությունում ժողովրդի քաղաքական կամքի ձևավորման և արտահայտման սուբյելտ», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի՝ «ՀՀ ընտրական օրենսգիրք»-ում կատարված փոփոխությունների քաղաքական-իրավական նշանակությունը»: