Երևանում կայացավ «Ընտրական գործընթացի մասնակիցների գործունեությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում» թեմայով խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը

25 Նոյեմբեր 2025

Երևանում կայացավ «Ընտրական գործընթացի մասնակիցների գործունեությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում» թեմայով խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը

ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրական իրավունքների մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղը, համագործակցելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, 2025թ նոյեմբերի 22-ին  անցկացրեց «Ընտրական գործընթացի մասնակիցների գործունեությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում (վիրտուալ հաղորդակցության հարթակի հիման վրա)» թեմայով խաղ-մրցույթի (կրթական ծրագրի) եզրափակիչ փուլը:

Խաղ-մրցույթին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի երևանյան մասնաճյուղի տնօրեն Վահրամ Ավետիսյանը իր խոսքում կարևորեց միջոցառման նշանակությունը՝ ընդգծելով, որ այս նախաձեռնության հիմնական նպատակն է երիտասարդության շրջանում տարածել ընտրական իրավունքի վերաբերյալ գիտելիքներ և ընտրական գործընթացների հանդեպ բարձրացնել երիտասարդների հետաքրքրությունը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, բարձր գնահատելով նման ձևաչափով միջոցառումների անցկացումը, նշեց, որ դրանք նպաստում են այն կարծրատիպի հաղթահարմանը, թե երիտասարդները պասիվ են ընտրությունների հարցում։                                                                                                                                                                        

Մրցութային հանձնաժողովի անդամները նշեցին մասնակիցների բարձր պատրաստվածությունը, թիմային աշխատանքի հմտությունները և այն, որ նրանք եկել էին խաղ-մրցույթի, բայց հայտնվեցին իրական նախընտրական քարոզչության մոդելավորված միջավայրում։

 

Միջոցառման բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մասնակցության վկայականներով, խորհրդանշական նվերներով, ինչպես նաև ԿԸՀ նախագահի կողմից ստացան նախընտրական շրջանումը ԿԸՀ-ի հետ համագործակցության փոխշահավետ առաջարկներ։